Շվեդիայի ափերին հինգշաբթի լույս գիշերը ծանծաղուտի մեջ է խրվել Finneagle լաստանավը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում գտնվող Կապելշեր նավահանգստից ոչ հեռու: Ilta Sanomat ֆիննական թերթի տվյալներով՝ պատահարի պատճառը շարժիչի հետ կապված խնդիրներն են եղել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նավում գտնվել են 118 ուղեւոր եւ անձնակազմի 30 անդամ: Finnlines ընկերության լաստանավի սեփականատիրոջ տեղեկություններով, ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից եւ ոչ մեկը չի տուժել, մարդկանց կյանքը վտանգված չէ:
Մոտ ժամանակներս լաստանավը կփորձեն դուրս հանել ծանծաղուտից եւ հասցնել նավահանգիստ, որտեղ կանցկացնեն առաջացած խնդրիների ախտորոշում, որպեսզի նավը կարողանա շարունակել իր ճանապարհը:
Finneagle-ի լաստանավը ֆիննական Նաանտալիից ուղեւորներին տեղափոխում է շվեդական Կապելշեր եւ հակառակը:





























