Թուրքիայի խորհրդարանը հունիսի 2-ին երկարատեւ քննարկումներից հետո վերջապես ձայների մեծամասնությամբ ընդունել է Գազայի հատված օգնություն տանող նավերի վրա հարձակման համար Իսրայելի նկատմամբ ռազմական եւ քաղաքական պատժամիջոցներ նախատեսող հռչակագիրը։
Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից ելույթ ունեցած խորհրդարանի փոխնախագահ Գյուլդան Մումջուն հայտարարել է, որ պետք է վերանայվեն Իսրայելի հետ ունեցած ռազմական, տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները։ Ըստ խորհրդարանի փոխնախագահի՝ Իսրայելը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի եւ հարձակումից տուժածներին փոխհատուցում վճարի։
Թուրքական խորհրդարանի 4 խմբակցությունների փոխնախագահները երկարատեւ քննարկումներից հետո եկել են համաձայնության հռչակագրի տեքստի շուրջ եւ այն ներկայացրել խորհրդարանի քվեարկությանը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է։
Ընդունված հռչակագրում նշված է. «Թուրքիայի ազգային ժողովը խստորեն քննադատում է մայիսի 31-ին իսրայելական զինուժի կողմից հումանիտար օգնություն տեղափոխող նավի վրա անմարդկային հարձակումը, որը բազմաթիվ մարդկան մահվան պատճառ դարձավ։ Այդ հարձակումը հակառակ է ՄԱԿ-ի օրենքներին եւ միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։
Թուրքիայի խորհրդարանը սպասում է, որ ամեկարճ ժամկետում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելին քննադատող եւ պատժամիջոցներ կիրառելու որոշում կընդունի։ Այդ հարձակումը մանրամասն ուսումնասիրելու համար պետք է անկախ միջազգային հանձնաժողով ստեղծվի։
Իսրայելի կառավարությունն այդ հարձակման համար պետք է պաշտոնապես ներողություն խնդրի, դրա պատասխանատուներին պատժի եւ հարձակման ընթացքում տուժածներին փոխհատուցում վճարի։
Թուրքիան Իսրայելի դեմ ազգային եւ միջազգային դատական համակարգին պետք է դիմի։
Թուրքիայի խորհրդարանը սպասում է, որ թուրքական կառավարությունը կվերանայի Իսրայելի հետ ունեցած ռազմական, տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները եւ կձեռնարկի անհրաժեշտ քայլեր։
Թուրքիայի ազգային ժողովը, ինչպես միշտ, պաղեստինյան ժողովրդին իր համերաշխություն է հայտնում եւ պահանջում անմիջապես վերացնել Գազայի նկատմամբ կիրառվող անմարդկային շրջափակումը»:

























