Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման նոր կենտրոն կբացվի: «Կրթական գերազանցության ազգային կենտրոնի» ստեղծման մասին որոշումը կառավարության հունիսի 12-ի նիստին է ընդունվել: Կրթության նախարար Արմեն Աշոտյանի հաղորդմամբ, կենտրոնի օգնությամբ ժամանակակից միջազգային կրթական ստանդարտներ կներդրվեն: Այն խրախուսական միջոց կլինի նաեւ հիշյալ ստանդարտները կիրառող մանկավարժների համար:
Բացի այդ, նախատեսվում է, հեղինակավոր միջազգային ուսումնական հաստատություններից մեկի հետ համագործակցությամբ, ուսուցիչների ազգային սերտիֆիկացման համակարգ ներդնել:
Կենտրոնի օգնությամբ լավագույն միջազգային փորձը կկիրառվի ոչ միայն մանկավարժական մեթոդիկան կատարելագործելու, այլ նաեւ` դպրոցների կառավարման արդյունավետությունը եւ ուսմասվարների ու տնօրենների որակավորումը բարձրացնելու համար:
Կենտրոնը սփյուռքահայ եւ տեղացի գործարարների նախաձեռնությամբ 2006թ.-ից գործող «Այբ» կրթական հիմնադրամի հետ գործընկերությամբ կհիմնադրվի:





























