Հունիսի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության նախաձեռնած քննակումների շարքի առաջին հանդիպումը՝ իրավական դաշտում աշխատող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Նախաձեռնության նպատակը ոստիկանություն-հասարակություն փոխգործակցության ամրապնդումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերի հստակեցումն է:
Բացելով հանդիպումը՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ոստիկանությունը կարեւորում է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ հասարակական կարգի պահպանության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, տեղեկատվության փոխանակման եւ այլ ոլորտներում, սակայն ժամանակը պահանջում է գործակցությունը բարձրացնել որակական նոր աստիճանի՝ ծագող խնդիրներն ավելի օպերատիվ ու լիարժեք լուծելու, հետադարձ կապ ապահովելու եւ հանրային վստահությունն ամրապնդելու համար:
Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ անմիջական ու պարբերական շփումները, ըստ էության՝ համատեղ աշխատանքը ոստիկանության հետ թույլ կտա ձեւավորել փոխվստահության դաշտ, ինչը նախեւառաջ բխում է քաղաքացիների շահերից, որոնց պաշտպանությանն են կոչված թե՛ ոստիկանությունը, թե՛ իրավապաշտպան կառույցները:
Քննարկվեցին փոխգործակցության տարաբնույթ ոլորտներ, կազմակերպչական, օրակարգային եւ ժամանակացուցային խնդիրներ:
Որոշում կայացվեց նույն ձեւաչափով քննարկումները դարձնել պարբերական, իսկ հաջորդ հանդիպումն անցկացնել մեկ ամիս անց՝ նախապես որոշելով քննարկման թեման եւ մասնակիցների շրջանակը:





























