Հայաստանը այնքան է նվաստացել եւ ներքին անկախություն չունեն մեր քաղաքական այրերը, մեր անողնաշար պատգամավորները եւ այնպիսի ողորմելի վիճակի մեջ են, որ որեւէ լրագրող գալիս է նրանց դասեր է տալիս, եւ նրանք նվաստացած վիճակով սողում են ռուսական երկրորդական կարգի մի  լրագրողի առջեւ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսիլեւի այն հանդիմանանքին, թե Հայաստանում կամաց-կամաց մոռանում են ռուսերենը եւ ինչ են անում ՀՀ պաշտոնյաները դա կանխելու համար:

«Անկեղծ ասած ես ուզում եմ հայհոյանքներով պատասխանել ու հազիվ եմ ինձ զսպում, բայց կփորձեմ հնարավորինս պատշաճ պատասխանել:

Ուրեմն, դա նշանակում է ազգային արժանապատվության կորուստ, անկախության կորուստ, սա նշանակում է պատիվ չունենալ ընդհանրապես, որ ինչ-որ մի լրագրող կարող է գալ Հայաստանի քաղաքական գործիչներին դաս տալ եւ նրանց ասել դուք պետք է ուծացվեք, դուք պետք է դառնաք ռուս: Եվ նրանք ինչ-ինչ պատճառներով ժպտում ու քծնում են: Բնականաբար նրանք իրենց գրպանի մասին են մտածում: Ես ուրիշ ասելիք չունեմ: Սա Ազգային խայտառակություն է»,-հայտարարել է Իշխանյանը:

Անդրադառնալով նույն Կիսիլեւի մեկ այլ հայտարարությանը, թե եվրասիական մոդելը բազմաշերտ աշխարհի մոդել է, որի դեպքում «Հայաստանը մնում է հայկական, Չինաստանը՝ չինական», Իշխանյանը պատասխանել է. «Եթե ռուս ինչ-որ մի լրագրող Հայաստանի պատգամավորներին ասում է, որ պետք ռուսերենը ուժեղացնել, այսինքն՝ ռուսանալ, որովհետեւ ռուսական կայսրությունը ցանկությաւնը դա է եղել, ապա մնացածը, որ Հայաստանը մնալու է Հայաստան, մտավարժանքներ են»:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Կիսիլեւը հանդիմանական տոնով հայտարարել է, որ Հայաստանում ռուսերենը մոռանում են, որ Հայաստանում միայն երկու դպրոց կա ռուսական եւ հարց է ուղղել, թե ինչ են անում ՀՀ իշխանությունները այդ նահանջը կանխելու համար: Նա առաջարկել է ավելացնել ռուսական դպրոցների թիվը եւ հատուկ կարգավիճակ տալ ռուսերենին:

Կիսիլեւը վրդովվել է, որ Երեւանում տաքսու վարորդը ռուսերեն չի կարողացել հաշիվն ասել: Ի պատասխան հայ պատգամավորները սկսել են արդարանալ, թե Հայաստանում ռուսերենը չեն մոռանում:

Արդեն այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջաևկել է ԱԳՆ-ին անցանկալի անձ հայտարարել Կիսիլեւին: