Երկու օր առաջ ոստիկանության քննչական վարչությունում մի շարք «բարեկամական ու խնամիական» նշանակումներ են տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ մասնավորապես, փոխոստիկանապետ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ գեներալ Գագիկ Համբարձումյանի սանիկը՝  Արծրունը, նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիրի քննչական բաժնի պետ, նրա որդին՝ Սարգիս Համբարձումյանը, նշանակվել է Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի պետ: Նրա եղբոր տղան նշանակվել է Մաշտոցի քննչական բաժնի պետի տեղակալ:

Բացի այդ, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի փեսան՝ Արամ Հարությունյանը, նշանակվել է Արարատի մարզի քննչական բաժնի պետ:

Հատկանշական է, որ ըստ օրենսդրության մեջ դրված տրամաբանության, Հատուկ քննչական ծառայությունը նաեւ ոստիկանության ծառայողների կողմից հանցագործության դեպքերի քննություն է իրականացում եւ այս պարագայում, երբ որ ՀՔԾ պետի փեսան աշխատում է Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցում, զբաղեցնում է  քննչական բաժնի պետի պաշտոն, որքանո՞վ է նա անկաշկանդ, անկախ լինելու կամ կարողանալու ոստիկանների կողմից կատարված  ենթադրյալ հանցագործությունների գործերով ճիշտ ընտրություն կատարել: Սա, ըստ էության, բացի հարազատ-բարեկամ հարթությունից, նաեւ իրավական խնդիր  է առաջանում: