Մասիսի կենտրոնական հիվանդանոցի դիահերձարանի մոտ հունիսի 10-ին հայտանբերված մահացած պտղի հայնաբերման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը, որում ասվում է.
«Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում գտնվող, բժշկական թափոնների ոչնչացմամբ զբաղվող «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի շրջակայքում մեռելածին պտուղների եւ հղիության արհեստական վիժումների ընթացքում առաջացած պտղի մասերի հայտնաբերման դեպքերի առնչությամբ լրատվամիջոցներում եղած հրապարակումների առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անմիջապես մեկնել է Մասիս եւ տեղում, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, ինչպես նաեւ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, մանրամասն քննարկել խնդիրը։
Նախարարությունը դեռ 2014թ. մարտին վարչական վարույթ էր հարուցել «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջներ N2.1.3.3 սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանումն ուսումնասիրելու նպատակով։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը հայտնաբերել էր, որ ամիսներ շարունակ տարբեր բուժհաստատություններից տեղափոխված բժշկական թափոնները կուտակվել էին բակում` չիրականացնելով դրանց վնասազերծումը, վարակազերծումը, կանոններով եւ նորմերով պահանջվող մյուս բոլոր գործողությունները, այդ թվում` ոչնչացումը։ Արձանագրված խախտումների մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։
Սակայն նոր հանգամանքների` մեռելածին պտուղների մասերի հայտնաբերման առիթով, նախարարն Արարատի մարզպետին միջնորդել է հետեւողական չգտնվելու եւ հիվանդանոցի տարածքի նկատմամբ պատշաճ հսկողություն չսահմանելու համար աշխատանքից ազատել Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին։
Դեպքի առնչությամբ նախարարության միջնորդությամբ դեռեւս սույն թվականի մարտին քրեական գործ է հարուցվել։ Գործն ամբողջովին գտնվում է իրավապահ մարմինների տրամադրության տակ»:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ժամը 12:00-ի սահմաններում Մասիսի կենտրոնական հիվանդանոցի դիահերձարան տանող ճանապարհին հայտնաբերվել էր դեռեւս կազմավորման փուլում գտնվող մահացած պտուղ: Դեպքի առթիվ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:





























