Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հունիսի 12-ին, ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորությամբ:

Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրել են հանրապետության  հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի  նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվել են ծրագրի մշակման փուլի համար  դրամաշնորհային միջոցների ներգրավման հնարավորություններին, ծրագրի իրականացման աշխատանքները  համակարգող կառույցի ընտրությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում ՀԲ թիմի կողմից ՀՀ կառավարությանը կներկայացվեն  համապատասխան փաստաթղթերը, որից հետո հայկական կողմը կսկսի  ծրագրի  նախապատրաստման գործընթացը:  

ՀԲ թիմն աջակցում է նաեւ Դիլիջան քաղաքի կայուն զարգացման ծրագրին՝  համագործակցելով  Ասիական զարգացման բանկի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ: Հյուրերը տեղեկացրել են, որ գործընկերների հետ  առաջիկայում Դիլիջան քաղաքում նախատեսում են կազմակերպել խորհրդաժողով, որի ժամանակ կներկայացվեն կատարված աշխատանքների արդյունքներն ու  քաղաքի զարգացման տեսլականը: