ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը չի կարծում, թե  Հայաստանում ռուսերենի ուսուցումը վտանգի տակ է: Այս մասին նա հայտարարել է հունիսի 12-ի մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով «Ռոսիա Սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի այն խոսքերը, թե ռուսաց լեզուն աստիճանաբար նահանջում է  Հայաստանում: Նշենք, տվյալ հայտարարությունը հնչել էր ԱԺ-ում հայ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, երբ Կիսիլյովը հանդիմանել է հայ պատգամավորներին եւ հարց հնչեցրել, թե ինչ է անում Հայաստանը այդ գործընթացը կանխելու համար:

Նախկին պատգամավորին մտահոգում է Ռուսաստանի անհանգստությունը՝ կապված Հայաստանում ռուսերենի դիրքերի հետ, քանի որ «Ուկրաինայի դեպքերից առաջ էլ էր հնչում միտքը, որ ռուսերենը վտանգված է եւ պետք է փրկել այն»:

Իգիթյանի համար Կիսելյովը ռուսական քարոզչամեքենայի մի փոքր տարրն է: «Չեմ կարծում, որ նրան նման բարձր մակարդակի ընդունելության էր պետք արժանացնել: Հենց նման ընդունելությունն է մանր պաշտոնյաներին թույլ տալիս նման հայտարարություններ անել: Կիսելյովն այն մարդը չէր, ում կարելի էր հարցեր տալ, բայց նրան անհարմար դրության մեջ գցելու համար կարելի էր ասել, որ հայկական ամենամեծ համայնքը Ռուսաստանում է կամ հիշեցնել, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում», - կարծում է Իգիթյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Կիսիլեւը հանդիմանական տոնով հայտարարել է, որ Հայաստանում ռուսերենը մոռանում են, որ Հայաստանում միայն երկու դպրոց կա ռուսական եւ հարց է ուղղել, թե ինչ են անում ՀՀ իշխանությունները այդ նահանջը կանխելու համար:

Նա վրդովվել է, որ Երեւանում տաքսու վարորդը ռուսերեն չի կարողացել հաշիվն ասել: Ի պատասխան հայ պատգամավորները սկսել են արդարանալ, թե Հայաստանում ռուսերենը չեն մոռանում: