«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսյանն իրեն համարում է Շանթ Հարությունյանի զինակիցը։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, նոյեմբերի 5-ի գործով դատական առաջին նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Առաջին նիստից արդեն իսկ խոչընդոտներ կան, սա, ըստ էության, բաց դատավարություն չէր։ Սա հակասահմանադրական իրավիճակ է. դատարանը այստեղ ենթակա է գործող ապօրինի իշխանությանը։ Ես համաձայն եմ Շանթի այն տեսակետի հետ, որ սա քաղաքական դատավարություն է, այս դատավարությունը բազմաթիվ չափանիշներից մեկն է, որը պետք է ցույց տա, որ մեր հասարակությունը, մեր քաղաքացիները խոսքից այն կողմ ունակ են պայքարել իրենց իրավունքների եւ երկրի համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալները պետք է ազատ արձակվեն, որպեսզի «երկիրն էլ ազատ լինի»։
«Իրենք պետք է ազատվեն, որպեսզի մեր երկրը ազատվի, որպեսզի մենք չենթարկվենք որեւէ օտար պետության՝ Արեւելք լինի, թե Արեւմուտք։ Որ որեւէ մեկը մեր երկիր չգա եւ ասի՝ ձեր պետական լեզուն պետք է սա լինի։ Այդ մարդիկ պետք է հարգեն մեր օրենքը, մեր Սահմանադրությունը։ Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները իրենց սահմանադրական իրավունքին համապատասխան պայքարում են, դրա համար զորակցում եմ եւ համարում եմ ինձ իրենց զինակիցը»,- լրագրողներին ասաց «Ժառանգության» առաջնորդը։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն:
Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























