Այսօր՝ հունիսի 12-ին, Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ դատարանի շենքի մոտ 31-ամյա Հայկ Կյուրեղյանի գազային ատրճանակից արձակած կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել Հայկ Կյուրեղյանի գազային ատրճանակից արձակած կրակոցների արդյունքում տուժած 5 ոստիկանների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ տուժած ոստիկաններից մեկը կին է:

Նրա խոսքով՝ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել այդ ոստիկաններին, որ չեն վախեցել դիմահար կրակոցներից եւ վնասազերծման ժամանակ զենք չեն կիրառել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ գազային ատրճանակը ձեռքին, ու հայտարարել. «Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որի ինձ գա բռնի»:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները մոտեցել են նրան, փորձել իջեցնել մեքենայից, սակայն երիտասարդը հանել է զենքը ու սկսեց կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։

Ոստիկաններին հաջողվել է նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։