Հայաստանում ընտանեկան փոքր բիզնեսը կազատվի հարկերից, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ խորհրդարանում ներկայացնելով փոքր եւ միջին բիզնեսի համար պայմանները թեթեւացնելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը: Խորհրդարանի հավանությանն արժանանալու դեպքում օրենքներն ուժի մեջ կմտնեն մինչեւ հոկտեմբերի 1-ը:
Ընտանեկան բիզնեսի տակ նկատի են առնվելու մինչեւ 12 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունները (29 հազար դոլար), որտեղ աշխատում են ընտանիքի անդամները (ամուսին, կին, եղբայրներ, քույրեր, ծնողներ, երեխաներ): Նրանց միակ հարկը մնալու է ամսական 5 հազար դրամ եկամտահարկը (12 դոլար): Առավելությունները չեն կիրառվելու գրանցված եւ լիցենզավորված վճարումներ կատարող հարկատու ձեռնարկությունների նկատմամբ:
Նախատեսվում է նաեւ առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող մանր սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս: Արդյունքում շուրջ 39 հազար 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կթեթեւանա շրջանառության հարկը, չնայած նրան, որ պետության տարեկան եկամուտները կնվազեն 8 մլրդ դրամով: Այնուամենայնիվ, նշել է վարչապետը, կառավարությունը հավատարիմ է այն գաղափարին, որ փոքր եւ միջին բիզնեսը առաջին հերթին ոչ թե հարկատուներ են, այլ աշխատատեղ ստեղծողներ: Հետեւաբար նրանց համար առավելագույնս շահավետ պայմաններ է պետք ստեղծել:
Միաժամանակ կխստացվի բիզնեսի փաստաթղթաշրջանառության նկատմամբ հսկողությունը: Գործարքների գրանցումը կդառնա պարտադիր, բայց հաշիվ-ապրանքագրերի առկայությունը պետությունը կստուգի պարզեցված սխեմայով:
Եթե փոքր բիզնեսն այնուամենայնիվ ապրանքագիր չունենա, 2015թ. հունվարի 1-ից նախատեսվում է նախազգուշացումների համակարգ ներդնել, 2016թ.-ից էլ՝ 20 հազ. դրամ տուգանքների: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի հինգ տոկոսի շրջանառության հարկ՝ հաշվարկված տարվա սկզբից, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում:
Զուգահեռաբար ներմուծվելու է «օրինապահ հարկատու» համակարգը. Բիզնեսը կարող է պետությանն իրազեկել, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են հրաժարվում իր հետ փաստաթղթով աշխատելուց: Այդ դեպքում հաշիվ-ապրանքագրի բացակայությունը կներվի: «Սրանով մենք ցանկանում ենք ուժեղացնել խոշոր բիզնեսի փաստաթղթաշրջանառությունը: Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում կգտնվի»,- հայտարարել է Աբրահամյանը:
Հավանության արժանացած օրինագծերը ներառում են «Շրջանառության հարկի մասին», «ԱԱՀ-ի մասին», «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Հաշվիչ-դրամարկղային սարքերի կիրառման մասին», «Շահութահարկի մասին» եւ այլ օրենքներում փոփոխություններ:




























