Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական առաջին նիստից առաջ Երեւանի Կոնտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում այսօր՝ հունիսի 12-ին ոստիկաններին օդամղիչ ատրճանակից կրակած ու նրանցից հինգին վիրավորած Հայկ Կյուրեղյանը ծրագրավորող է, ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը։
«Ինքը շատ հավասարակշռված ու հանգիստ մարդ ա, բարձրագույն կրթություն ունի, և հիմա էլ իր մասնագիտությամբ ծրագրավորող է աշխատում»,- NEWS.am-ին ասաց Հայկ Կյուրեղյանի եղբայրը` Արեգ Կյուրեղյանը:
Նրա խոսքով՝ եղբայրը հավասարակշռված անձնավորություն է եւ մինչեւ հիմա նրա մոտ զենք չի տեսել, պատկերացում չունի, թե որտեղից է այն ձեռք բերել։
«Իմ կարծիքով՝ ինքը այդ ամեն ինչը արել է արդարությունը հաստատելու համար ու շատ լավ հասկանում էր, թե այդ ամեն ինչից հետո իրան ուր են տանելու»,- ասաց Արեգ Կյուրեղյանը:
Հարազատները դեռ չեն խոսել Հայկի հետ, տեղյակ չեն՝ ինչ վիճակում է։
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը ամուսնացած չէ, ապրում է ծնողների և երկու եղբայրների հետ։
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը ձերբակալված է։ Կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, ու հայտարարել. «Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որի ինձ գա բռնի»:
Ոստիկանները մոտեցել են նրան, փորձել իջեցնել մեքենայից, սակայն երիտասարդը հանել է զենքը ու սկսեց կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել է նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։





























