Չի կարելի կործանել հուշարձանները, հետո բարեհունչ օրենքներ ընդունել: Այդ մասին հունիսի 12-ին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով «Հուշարձանների պահպանության եւ օգտագործման, պատմամշակութային միջավայրի մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, որն առաջարկել են ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստանից»:

«Տպավորություն է ստեղծվում, որ նախկինում թույլ տված սխալները փորձում են ծածկել բարեհունչ օրենքներով: Նույնը տեղի ունեցավ Փակ շուկայի հետ: Ասում եք, թե չի կարելի հուշարձանը քանդել կամ տեղափոխել: Դա դեմ է եվրոպական կոնվենցիային: Իսկ գործե՞ց կոնվենցիան Փակ շուկայի դեպքում: Ինչո՞ւ ենք միշտ այսքան ուշ նկատում»,- հայտարարել նա:

Նշենք, որ նախագիծն առաջարկում է ներդաշնակեցնել գործող օրենքը եճարտարապետական ժառանգության պաշտպանության եվրոպական կոնվենցիայի հետ: Գործող օրենքը թույլ է տալիս բացառիկ դեպքերում տեղափոխել հուշարձանը, թե որոնք են բացառիկ դեպքերը՝ պարզ չէ: Կոնվենցիան թույլ է տալիս տեղափոխել միայն այն դեպքում, եթե օգտակար է ֆիզիկական վիճակի համար: