Հունիսի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանին:

Ոստիկանության պետը կադրային փոփոխությունը կարեւորելով համակարգի բարեփոխումների համատեքստում` նշեց, որ չնայած ակնհայտ դրական փոփոխություններին` վարչության ստորաբաժանումների աշխատանքում դեռեւս կան թերացումներ՝ աշխատակիցների ոչ պատշաճ տեսքից մինչեւ կոռուպցիոն ռիսկեր: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հետողական է լինելու արատավոր երեւույթների դեմ պայքարում:

Ոստիկանության պետը ներկայացրեց նաեւ Անձնագրային եւ վիզաների վարչության կառուցվածքային փոփոխության նպատակն ու անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները կնպաստեն աշխատանքային եւ կատարողական կարգապահության բարձրացմանը, տարածքի քաղաքացիների խնդիրներին ավելի սերտ առնչվելուն, բազմաստիճան ղեկավարման շնորհիվ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչության աշխատակիցներին կրկին հիշեցրեց ոստիկանի աշխատանքի, ծառայողական պարտականությունների կատարման, հասարակությանը ծառայություն մատուցելու գլխավոր սկզբունքները: