ՏՏ ոլորտի համար կառավարության կողմից առաջարկված արտոնությունները ճիշտ չեն: Այդ մասին հունիսի 12-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ սկսնակ ՏՏ ընկերություների համար արտոնությունների մասին նոր օրինագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ եթե կառավարությունը ցանկանում է խթանել բարձր տեխնոլոգիաների կիրառումը, ապա անհասկանալի է՝ ինչո՞ւ է նա արտոնություններ առաջարկում միայն այն ընկերություններին, որոնք ծրագրեր են գրում: Եթե խոսքը ՏՏ արդյունաբերության խթանման մասին է, ապա տեղեկատվական տեխնոլոգիաների հաշվին աշխատանքը արդիականացվող ցանկացած կազմակերպություն պետք է արտոնություն ստանա դրանց ներդրման վրա:

«Կազմակերպությունները, որոնք չեն կիրառում տեղեկատվական տեխնոլոգիաներ, այժմ ուղղակի չկան: Դրանք բոլորն են օգտագործում: Իսկ դուք նույնիսկ չեք կարող գնահատել ՀՆԱ-ի ո՞ր մասն են կազմում տեղեկատվական տեխնոլոգիաները: Ձեր 3,9% գնահատականը հիմնում է միայն զուտ ՏՏ-ների վրա: Իսկ սուպերմարկետները, շինարարական ընկերությունները, գինու գործարանները, մի՞թե այնտեղ ծրագրավորողներ չեն աշխատում», - նշեց Բագրատյանը:

Բագրատյանը չհամաձայնվեց սկսնակ ՏՏ ընկերություններից շահութահարկ ու եկամտահարկ չգանձելու գաղափարի հետ: «Եկամտահարկը ընդհանրապես չի կարելի չեղարկել, այսպես մենք խախտում ենք օրենքի եւ Սահմանադրության առաջ հավասարությունը: Շահութահարկի մասով եւս արտոնություն չպետք է լինի: Սա անհեթեթություն է: Ցանկանում եք արտոնություններ՝ տվեք դա նրանց հիմնական կապիտալի բաժիններում նեդրումների համար», - նշեց Բագրատյանը:

Օրինագծում առաջարկվող արտոնությունները վերաբերում են շահութահարկի զրոյական եւ եկամտահարկի 10 տոկոսանոց հարկերին (ներկայիս դրույքներով 24,4%ից մինչեւ 36 %): Անհատ ձեռներեցների համար զրոյական կլինի նաեւ եկամտահարկը: Ընկերությունները կարող են նաեւ տեխնիկական օգնություն ու գրանտներ ստանալ: Արտոնության մեջ կընդգրկվեն նոր ընկերությունները՝ 15-ից ոչ ավելի աշխատակիցներով եւ 3-ից ոչ ավելի տարով: Օրենքի գործողությոյւնը նույնպես ժամանակավոր է՝ մինչեւ 2020թ.: