Հայաստանի տնտեսական զարգացմանը կօգնեն տնտեսական զարգացման տարածքային ծրագրերը: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում հունիսի 12-ին հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրինագիծը:
Նա նշել է, որ պետությունը պետք է համագործակցի արդյունաբերության մեջ նոր տեխնոլոգիաների եւ նորարարությունների ներգրավման հարցում, բարենպաստ քաղաքականություն ձեռնարկի ազատ տնտեսական գոտիների եւ արդյունաբերական գոտիների զարգացման համար:
Նրա կարծիքով՝ կարեւոր է ներդրողական հնարավորությունների գույքագրում իրականացնել ողջ երկրում, ինչպես նաեւ առանձին մարզերում: «Նման հաջող օրինակ կա Սյունիքի մարզում, որտեղ մարզպես Վահե Հակոբյանը վերջրես մեզ ծանոթացրել է նրա ներդրողական անձնագրին: Սա կարեւոր նախաձեռնություն է»,- հայտարարել է Մելքումյանը:
Անհրաժեշտ է ձեռնարկությունների միջեւ համագործակցային կապ հաստատել, օրինակ, մատակարարողների եւ հումքի վերամշակողների միջեւ:
«Մինչեւ 1962թ.-ը Հայաստանում բամբակ էին աճեցնում, ճիշտ մոտեցման դեպքում կարող ենք գյուղատնտեսության այդ ճյուղը վերականգնել: Մեկ այլ օրինակ է «Ալմաստ» գործարանը, որն արհեստական տեխնիկական ադամանդ է արտադրում, եւ Գյումրիում քար հատող մեքենաներ արտադրող գործարանը: Նման կապերի վերականգնում կօգնի զարգանալ ձեռնարկություններին»,- նշել է Մելքումյանը:




























