Երեւանի Աղայան-19 եւ Տերյան-56 շենքերի բնակիչների իրավունքների պաշտպանության  հանձնախումբը հաղորդում է հղել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հենց իր` Աղվան Հովսեփյանի գործողությունների մասին: Դրանում ասվում է.

«Մայիսի 3-ին Ձեզ առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի գործողությունների (ապատեղեկատվություն) կապակցությամբ, սակայն առ այսօր  պատասխան չենք ստացել: Մասնավորապես՝ հիշեցրել ենք Ձեր նամակն այն մասին, որ «Նուշիկյան ասոցիացիան», այսինքն Ձեր խնամիները, մեր բակի ծառահատված  պուրակում կառուցում են «գրասենյակային եւ հյուրանոցային մասնաշենք»:

Տեղեկացրել ենք նաեւ, որ վերջինիս շինարարությունը գրեթե ավարտվել է, սակայն  այնտեղ հայտնվել են բնակիչներ, այդ թվում, ըստ մեր տեղեկությունների, նաեւ Ձեր  տղայի ընտանիքն, այսինքն, շենքը բնակելի է, եւ բացահայտ հակասություն կա Ձեր  վերոհիշյալ նամակում բերված «փաստերի» հետ:

Ավելին, ակնհայտ է նաեւ, որ պետությանը նույնպես հասցվել է մեծ վնաս (ձեռնարկատիրական օբյեկտը վերածվել է բնակելի շենքի), ինչն արժանի է լրջագույն քննության, եւ որին Դուք չեք արձագանքում:

Հիմք ընդունելով Քր.օր. 308-րդ հոդվածի պահանջները (պաշտոնեական դիրքի չարաշահում) եւ ղեկավարվելով Քր.դատ. 25-րդ գլխի պահանջներով, խնդրում ենք քննության առնել սույն հաղորդումը»: