Զինվորականները մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամիսը անցումային կառավարություն ձեւավորելու թույլտվություն կընձեռեն, իսկ համաժողովրդական ընտրություններ առաջիկա մեկ տարում չեն լինի, երկրի զինվորական կառավարության ղեկավար գեներալ Պրայուտ Չան-Օնի հայտարարությունը վկայակոչելով, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

«Նոր կառավարությունը օգոստոս ամսին կձեւավորվի, ամենաուշը` սեպտեմբերին: Չհարցնեք` ովքեր եւ որտեղից են լինելու», - հայտարարել է խաղաղության եւ կարգուկանոնի ազգային խորհրդի ղեկավարը` 2015թ.  պետբյուջեի շուրջ կազմակերպված ճեպազրույցի ընթացքում: Այլ կերպ ասած` մայիսի 22-ին իշխանության եկած գեներալը չի ճշտել` զինվորակա՞ն կառավարություն է լինելու, թե՞` քաղաքացիական, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Պրայուտ Չան-Օնը չի բացառել, որ վարչապետ կարող է հենց ինքը դառնալ: Գեներալը թայլանդցիներին համբերատարության կոչ է արել, քանի որ իշխանություններին մեկ տարի է հարկավոր` քաղաքական բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում նաեւ` նոր սահմանադրություն մշակելու համար: