«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանն առաջին հրազենային վնասվածքը ստացել է իր մեքենայի մեջ, իսկ երկրորդն էլ` մեքենայից դուրս գալիս: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վալերիի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ իմ պաշտպանյալը դեպքից մեկ ամիս անց դեռ տուժող չի ճանաչվել, տուժող չի ճանաչվել նաեւ Վալերիի հայրը` Սամվել Հովհաննիսյանը: Վալերին իր առաջին հրազենային վնասվածքը ստացել է հորը պատկանող մեքենայի մեջ, իսկ երկրորդն էլ մեքենայից դուրս գալիս, այնուհետեւ վազել է մի քանի մետր եւ ընկել: Այսքանից հետո Վալերիի հոր մեքենայով հիվանդանոց են տեղափոխել Ներսես Մելքոնյանին, իսկ այնուհետեւ մեքենան անհետացել է: Այս պատճառով Սամվել Հովհաննիսյանը երեկ դիմել է իրավապահ մարմիններին` մեքենան հայտնաբերելու համար»,- ասաց նա:
Լեւոն Բաղդասարյանը համոզված է, որ իր պաշտպանյալը ծեծի չի ենթարկել Գոռ Առաքելյանին, եղել է ընդամենը վեճ, սակայն դա էլ չի նշանակում, որ վիճաբանությունից հետո պետք է պարտադիր կրակոցներ հնչեն:
«Իմ նպատակն է միայն, որ կատարվի օբյեկտիվ քննություն, որպեսզի այլեւս նման դեպքեր չլինեն: Իմ տեղեկություններով` Վալերին թույլտվություն է խնդրել այն անձանցից, ով զբաղվում է այդ գործով: Ես տեղյակ չեմ` նախաքննական մարմինը լսել է այդ անձին, թե ոչ»,- ավելացրեց նա:
NEWS.am-ի հարցին, թե նախկինում ինչով է զբաղվել Վալերի Հովհաննիսյանը, փաստաբանը պատասխանեց. «Քրեական հեղինակություն է, ասում են, որ էդպես է, մամուլից եմ լսել, սակայն ինքս դրա մասին չեմ խոսել Վալերիի հետ: Գիտեմ, որ նա 29 տարեկան է, Հայաստան է եկել Մոսկվայից, մնացածի մասին ոչինչ չգիտեմ»:
Լրագրողների հարցին, թե արդյոք փաստաբանը մտավախություն չունի, որ Վալերի Հովհաննիսյանին էլ մեղադրանք կառաջադրվի` Լեւոն Բաղդասարյանը հորդորեց սպասել դեպքերի զարգացումներին:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի իննին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ երկարատեւ բուժման կարիք ունի։





























