«Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք»: 1987թ. գրված այս բանաստեղծությամբ է բնորոշել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Դմիտրի Կիսեյլովին պաշտպանողներին:

Նա նշեց, որ մի քանի խոսք է ուզում հղել բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են Կիսելյովին: Ընդ որում, բանաստեղծությունը գրել է դեռ 1987թ.՝ կարծելով, որ դա գրում է կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչների մասին, սակայն հետո հասցեատերերի շրջանակն ընդլայնվեց:

«Պնակալեզ, պատեհապաշտ բ..-ի տղերք, 

Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց,  

Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք,

Ձեր պատկերը դեռ պիտի գա ձեր դիմաց,

Գալու է` ձեր զավակների պատկերն առած,

Որ քշվելով ձեր ավերից խեղված ու բութ, 

Անեծքով են օրհնելու ձեզ` սաղմոս առած,

Ու դռնեդուռ մուրալու են ներում ու գութ,

Լալու են, չեն գտնելու հույսի մի շերտ,

Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում,

Եվ ձեր որդիք ամեն անգամ, երբ ձեզ հիշեն,  

Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում»:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը անհարգալից ոճով եւ ենթատեքստով հայտարարություններ էր արել Հայաստանի, հայ ժողովրդի, վերջին օրերին սահմանին զոհված զինվորների հասցեին, ինչպես նաեւ պահանջել էր փոխել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը եւ ռուսաց լեզվին տալ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ»։ Ի պատասխան հանդիպմանը ներկա հայ պատգամավորները սկսել էին արդարանալ, թե Հայաստանում ռուսերենը չեն մոռանում: