Ռուս լրագրող, «Ռոսիա Սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրեն հանդուգն եւ ագրեսիվ է պահել։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողներին ասաց «Աշխատավորների շահերի պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Թումանյանը, որը որպես փորձագետ մասնակցել է այդ քննարկմանը։
«Հանդիպման առաջին րոպեներից հասկացվեց, որ ինքն առաջնային է, մենք՝ երկրորդային։ Դատապարտելով Կիսելյովին՝ պետք չէ նրան ընդհանրացնել ՌԴ-ի հետ։ Ես այդքան Կիսելյովին չեմ մեղադրում, որքան նրան Հայաստան բերողներին։ Իսկ նրան Հայաստան է բերել ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը։ Նա է բերում բոլոր նման ռուսներին։ Սկզբում այնպես էր իրեն պահում, կարծես ասեր՝ ինչ ասում եմ, ընդունեք ոպես հիմք։ Եվ անընդհատ ասում էր՝ ես շտապում եմ։ Ինձ հետաքրքիր է՝ ինչու էր եկել, եթե շտապում էր»։
Կարեն Թումանյանի խոսքով՝ պատգամավորները բոլորը լուռ են մնացել, եւ իրեն քիչ թե շատ արժանվույն պահել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Հերմինե Նաղդալյանին պետք է բրավո ասել։ Նա իրեն այնքան լավ է պահել, որ չփչացնի հայ-ռուսական հարաբերությունները»։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Կիսիլեւը հանդիմանական տոնով հայտարարել է, որ Հայաստանում ռուսերենը մոռանում են, որ Հայաստանում միայն երկու դպրոց կա ռուսական եւ հարց է ուղղել, թե ինչ են անում ՀՀ իշխանությունները այդ նահանջը կանխելու համար:
Նա վրդովվել է, որ Երեւանում տաքսու վարորդը ռուսերեն չի կարողացել հաշիվն ասել: Ի պատասխան հայ պատգամավորները սկսել են արդարանալ, թե Հայաստանում ռուսերենը չեն մոռանում:





























