Թող իշխանությունները «ճաքեր» չորոնեն ոչ իշխանական ուժերի խորհրդարանական քառյակի ներսում: Լրագրողներին ուղղված հիշյալ հայտարարությունը հունիսի 13-ին խորհրդարանական ճեպազրույցներին ընթացքում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է հնչեցրել:

Նրա խոսքով, իշխանությունները հեծանիվ հայտնաբերելու կարիք չունեն` «քառյակի» ներկայացուցիչներն իրենք են հայտարարել, որ եթե 12 հարցի վերաբերյալ կոնսենսուս ունեն, դա դեռ չի նշանակում, որ բոլոր այլ հարցերի շուրջ եւս փոխհամաձայնություն կա:

«Բոլորն էլ գիտեն, որ Հայ ազգային կոնգրեսը դեմ է խորհրդարանական կառավարման համակարգին, իսկ մյուս երեք ուժերը` այս կամ այն չափով կողմ: Ասել, թե արմատական հարցեր քննարկելիս քառյակը պառակտվում է, նշանակում է` փոթորիկ ծնել մեկ բաժակ ջրում: Եթե Շարմազանովին հետաքրքրում է, կարող եմ եւս 12 կամ 15 հարց հիշատակել, որոնց շուրջ քառյակի անդամները տարբեր կարծիքներ ունեն: Եվ դրան ոչ ոք չի ընդդիմանում: Փոխարենը` որտեղ տարաձայնություն չկա, բավականին հաջող համագործակցություն ենք ծավալում», - նշել է պատգամավորը` հավելելով, որ 12 կետերի շուրջ կոնկրետ արձագանքներ են ակնկալվում. այս անգամ կիսատ քայլեր անելով հարցերից չեն խուսափի: