Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրով  2013թվականից մեկնարկեց եւս մեկ ծրագիր, որն առաջին անգամ էր կյանքի կոչվում Երեւանում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ըստ ծրագրի՝ վառ գույներ ու նոր, ավելի թարմ տեսք են ստանում մայրաքաղաքի պանելային շենքերը: Հատուկ ներկերով, որոնք, ի դեպ, պահպանվում են երկար ժամանակ, գունավորման յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվում, ինչն էլ ավելի նկատելի է դարձնում շենքերին առկա բաղադրիչները: Բազմաբնակարան շենքերի գեղարվեստական գունավորման աշխատանքները շարունակվում են նաեւ այս տարի: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Բաբաջանյան 163 եւ Իսակովի 44 շենքերում ծրագրի առաջին արդյունքն արդեն տեսանելի է: Գործընթացը լինելու է շարունակական եւ Երեւանի համաչափ զարգացման համատեքստում իրականացվելու է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: