Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ անցած տարվա հունիսի 2-ին հնչած կրակոցների եւ տեղի ունեցած սպանության գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսի 19-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ. ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հասցեին:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տուժող կողմ են ճանաչվել Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը եւ դեպքի օրը վիրավորված Նիկոլայ Աբրահամյանը, իսկ մահացած Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդը դատարանում կլինի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը:
Դատական նիստը նշանակված է ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել էին «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:





























