«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդրին եւ ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի՝ Հայաստանում արած աղմկահարույց հայտարարություններին: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողներին ասաց Անի Զախարյանը:
«Մենք գնահատում ենք հայ-ռուսական հարաբերությունները, մեր կուսակցությունը այսօր Հայաստանում ունի բարձր ռեյտինգ, եւ, կարծում եմ, Ռուսաստանն էլ կարիք ունի Հայաստանում նման հուսալի գործընկերների: Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է, եւ հետագա բանակցությունները պետք է ընթանան 20 տարի առաջ տեղի ունեցած հրադադարի մասին ռեժիմի հիման վրա, ոչ թե ալիեւյան նամակների հիման վրա : Եթե Ռուսաստանն այսօր բացահայտ Նազարբաեւի լեզվով խոսում է ոչ Հայաստանի շահերից, եւ մենք մտնում ենք Մաքսային միություն, ապա ի՞նչ շահերի եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին է խոսքը»,- Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի բովանդակությունը փոխանցեց Անի Զախարյանը:
Անի Զախարյանը իր նամակում անդրադարձել է նաեւ Դմիտրի Կիսելյովի այն հայտարարությանը, որ Հայաստանում ռուսաց լեզուն նահանջում է, տաքսիստը ռուսերեն խոսել չգիտի. «Դա ուղղակի ծիծաղելի է, ձեր տաքսիստները, բժիշկները կարո՞ղ են հայերեն մի բառ ասել»:
Անի Զախարյանը նաեւ մի խորհուրդ է տվել ՌԴ նախագահին. «Խորհուրդ եմ տվել չշտապել Հայաստանը Մաքսային միություն մտցնելու առումով»:
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ եւ «հավասարը հավասարի» պես խոսել:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Կիսիլեւը հանդիմանական տոնով հայտարարել է, որ Հայաստանում ռուսերենը մոռանում են, որ Հայաստանում միայն երկու դպրոց կա ռուսական եւ հարց է ուղղել, թե ինչ են անում ՀՀ իշխանությունները այդ նահանջը կանխելու համար:
Նա վրդովվել է, որ Երեւանում տաքսու վարորդը ռուսերեն չի կարողացել հաշիվն ասել: Ի պատասխան հայ պատգամավորները սկսել են արդարանալ, թե Հայաստանում ռուսերենը չեն մոռանում:





























