Դնեպրապետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին առաջարկել է անհապաղ Դոնեցկի, Լուգանսկի եւ Խարկովի մարզերի` Ռուսաստանին հարող սահմանի ողջ երկայնքով ամրացված պատ կառուցել: Տեղեկությունը, Դնեպրապետրովսկի մարզային վարչակազմին վկայակոչելով, Censor.net գործակալությունն է հաղորդում:
«Ֆինլանդիան «Մաներհեյմի գծի» շնորհիվ Ստալինից փրկվեց: Ուկրաինան եւս պետք է այդպիսի գիծ կառուցի` Պուտինից պաշտպանվելու համար: Ինչպես որ իսրայելական պատն է արդյունավետ պաշտպանություն ապահովում ահաբեկիչներից», - հայտարարել է Կոլոմոյսկին:
Համապատասխան ինժեներային նախագիծը եւ տեխնիկա-տնտեսական հիմնավորումն արդեն նախագահի աշխատակազմին են ներկայացվել: 5-6 ամիսների շինարարություն պահանջող պատը, համաձայն նախագծի, բարձր կայունության պողպատից պատրաստված եւ փշալարերով պատված հոծ զանգված է լինելու:
Առաջարկվում է նաեւ պատնեշի երկայնքով` երկու կողմից խանդակներ փորել` ինչպես հակառակորդի զրահատեխնիկայի, այնպես էլ խաղաղ բնակիչների եւ կենդանիների անհասանելիությունն ապահովելու համար: Բացի այդ, խանդակի եւ պատնեշի միջեւ ընկած տարածքը պետք է ազդանշանային եւ հակահետեւակային ականներով պատվի, իսկ մետաղապատնեշի միջով` էլեկտրական հոսանք բաղ թողնվի:
Սահմանային պատնեշի անվտանգությունը Ուկրաինայի ԶՈՒ մոտոմանեւրային խմբերը, սահմանապահներն ու Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն են ապահովելու:
1920 կմ երկարությամբ մետաղական պատնեշի տեղակայման արժեքը շուրջ 50 մլն եվրո է գնահատվել, նախագծային ողջ արժեքը` 100 մլն եվրո: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքներին միայն ուկրաինական ընկերություններ են մասնակցելու:




























