«Բանդայի գործով» ձերբակալվածներն անմեղ են։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը։

«Այս գործը խայտառակ ֆարս է։ 5 տղաներ, որոնցից մեկը ձերբակալության օրն ընկավ սարից, մահացավ, մյուսն էլ մահացավ բանտում, հիմա դատավարություն է գնում 1 տարուց ավելի։ Եթե որեւէ մեկը ուշադիր հետեւի այս դատավարությանը, ծանոթ լինի այդ քրեական գործին եւ մեղադրանքին, կզգա, որ այդ տղաները անմեղ են»,- ասաց Գալոյանը։

Նրա խոսքով՝ մեկ շաբաթ առաջ Հայաստանում հայտնաբերվել է իսկական բանդա, որոնք կատարել են այդ հանցագործությունները։

«Ես չեմ ուզում ասել՝ սրանք անմեղ հրեշտակներ են, բայց էդ տղերքը 2013-ից նստած են, ու դատ եք անում։ Բա ո՞վ է պատասխան տալու սրա համար, թե՞ սրանց էլ կդատեք, տանեք բանտ, հետո ազատ կարձակեք, մի հատ էլ «Կոմս Մոնտե Քրիստո» գիրքը կնվիրեք, կասեք՝ ներողություն»,- ասաց քրեագետը։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։