Սեւանի ավագ դպրոցում մայիսի 9-ին 12-րդ դասարանցիներին ցուցադրված «էրոտիկ» տեսանյութի պատճառով տնօրենի եւ գերմաներենի ուսուցչի միջեւ առաջացած սկանդալը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը որակել է՝ որպես «միջանձնային կոնֆլիկտ»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերմաներենի ուսուցչուհին՝ Անահիտ Կարապետյանը, որն ավելի վաղ բաց նամակով դիմել էր նախարարին:

«Օրերս, երկար համառելուց և պարբերաբար նախարարության աշխատակիցներին նամակիս մասին հիշեցնելուց հետո, ստացա մոտ մեկ ու կես ամիս առաջ կրթության նախարարին ուղղված բաց նամակիս պատասխանը: Պատասխանը ապշեցրեց: Դրա ավելի քան լակոնիկ բովանդակության անբովանդակ լինելը սպասելի էր, բայց և զայրացնող: Այն իմ նամակի պատասխանը չէ: Դրանում բացակայում է առհասարակ որևէ անդրադարձ իմ բարձրացրած խնդիրներին»,- ասաց նա:

Գերմաներենի ուսուցչուհին հիշեցնում է, որ դպրոցում սկանդալը հասունացավ այն պահին, երբ տնօրենն իրեն մեղադրեց աշակերտներին «էրոտիկ տեսանյութ» ցուցադրելու մեջ, մինչդեռ ինքը պարզապես ուսումնական տեսանյութ է ցուցադրել, որտեղ շորտիկներով պարում են. «Ես ահազանգում եմ ոչ պրոֆեսիոնալ, հակամանկավարժական  մթնոլորտի մասին դպրոցում, տնօրինության կամայականությունների մասին, որի վառ վկայությունն է այս վեջին միջադեպը: Հիմա հարց եմ ուղղում պարոն նախարարին՝ սա  միջանձնային կոնֆլի՞կտ է: Կամ եթե ես իսկապես մեր երեխաներին դասի ժամանակ էրոտիկ նյութեր եմ ցուցադրում, սա այնքան փոքրիկ մի իրողություն է, որին նույնպես հարկ չե՞ք համարում անդրադառնալ: Միգուցե ես դա պարբերաբա՞ր եմ անում, ինչու՞  եմ ես դեռ անպատիժ: Վիրավորված եմ ու հիասթափված նախարարից»:

Անահիտ Կարապետյանին վրդովվեցրել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանը, որտեղ գրված է. «Ցավոք, բարձրացված հարցերի լուծումը դուրս է մեր իրավասության շրջանակներից»:

Նշենք, որ այս դպրոցը քննարկման թեմա էր դարձել սոցցանցերում: Պատճառն այն էր, որ դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Անահիտ Կարապետյանին տնօրինությունը մեղադրում է 12-րդ դասարանցիներին «էրոտիկ» տեսանյութ ցուցադրելու մեջ: Մինչդեռ NEWS.am-ի հետ զրույցում ուսուցիչը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ իր դեմ «դավեր են նյութում»: