Պահեստազորի գնդապետ, խարդախության համար մեղադրվող ազատամարտիկլ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներին այսօր՝ հունիսի 13-ին, դատական կարգադրիչները թույլ չեն տալիս մտնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարան՝ պատճառաբանելով, որ դատարանի դահլիճ մուտքը միայն անձնագրերով է։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանում մեծ թվով ոստիկաններ ու դատական կարգադրիչներ կան։ Նրանք ստուգում են դատարան մտնող բոլոր անձանց, այդ թվում՝ լրագրողների փաստաթղթերն ու պայուսակները։
Ազատամարտիկները վրդովված են, նրանք ասում են, որ եթե թույլ չտան, իրենցից ոչ ոք չի մտնի դատարանի դահլիճ։
Ոմանք էլ սպառնում են ներխուժել դատարանի դահլիճ։
«Պատերազմով են ուզում՝ մտնենք, կխփենք, կմտնենք», - դատարանի բակում հայտարարեց գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանը։
Այս պահին Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած ազատամարտիկները հավաքված են դրսում, նրանք սպասում են փաստաբանին Արա Զաքարյանին, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում, քանի որ նրանց ոչ ոք որեւէ հիմնավորում չի տալիս։
Դատական նիստն սկսվում է 14։30-ին։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։





























