Քանաքեռ-Զեյթուն թաղամասում հունիսի 6-ի երեկոյան հնչած կրակոցների գործով կա արդեն երկրորդ ձերբակալվածը՝ 40-ամյա Սեդրակ Փայրասլյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ այս գործով ձերբակալվել է նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին՝ Սամվել Քոթանջյանը: Նրա ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր, վերջինիս դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Քոթանջյանը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ եւ 1 գնդակ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:





























