Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւմտյան թեմը հայց է ներկայացրել Պոլ Գետտիի թանգարանի դեմ՝ պահանջելով վերադարձնել Թորոս Ռոսլինի նկարազարդած 750-ամյա Աստվածաշնչի 7 էջերը:
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների պնդմամբ՝ այդ էջերը կորել կամ գողացվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ: «Asbarez» թերթի հաղորդմամբ, ՀԱԵ արեւմտյան թեմը հայտարարել է, թե թանգարանին հայտնի է, որ Աստվածաշնչի մի մասը գողացվել է, եւ այն պատկանել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:
Իրենց հերթին, թանգարանի ներկայացուցիչները պնդում են, թե իրենց հասցեին բոլոր մեղադրանքներն անհիմն են, քանի որ էջերը թանգարանին են հասել մասնավոր մի հավաքածուից՝ 1994թ.-ին, հաղորդում է Glendale News-Press-ը:
«Զեյթունի Ավետարանը» նկարազարդվել է հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի կողմից՝ 1256թ.-ին: Ավետարանի մյուս մասը գտնվում է Մատենադարանում:


























