Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 13-ին, դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին մասնակցում է զուգված-զարդարված անծանոթուհի, որը ներկայացավ որպես Հրաչուհի Տեր-Պողոսյան եւ դատավորին ասաց, որ ինքը Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպանն է եւ ցանկանում է գնալ, նստել նրա կողքին։
Դատավորը նրան թույլ չտվեց նստել ամբաստանյալի կողքին եւ հրահանգեց տեղից այլեւս չխոսել:
NEWS.am-ի հարցին թե ինչու է եկել, արդյոք իրավաբան է, Հրաչուհի Տեր-Պողոսյանը պատասխանեց. «Դատական նիստի վերջում կասեմ»:
Նրա ներկայությունը բարկացրեց տուժող Արթուր Հակոբյանին:
Նշենք, որ տուժող կողմից ներկա է միայն Արթուր Հակոբյանը։ Դատաքննության այս փուլում շարունակում են հետազոտել գործում առկա ապացույցները:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:





























