ՀՀԿ-ն իր պատգամավորներին արգելել է բացակայող գործընկերների փոխարեն քվեարկել: Հայտարարությունը հունիսի 13-ին` խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է հնչեցրել: Նրա խոսքով, լրատվամիջոցների կողմից կանոնակարգի խախտման մեջ մեղադրվող երկու պատգամավորները` Մանվել Բադեյանը եւ Հակոբ Հակոբյանը, ոչ մի նման արարք թույլ չեն տվել:
Ի պատասխան մեկնաբանության, թե իրականում Սամվել Ալեքսանյանն է քվեարկել, Վահրամ Բաղդասարյանը նշել է. «Մինչ հիմա երկու այլ պատգամավորի անուն էիք տալիս: Ամեն դեպքում, տեղյակ չեմ` թե որեւէ մեկը նման բան է արել: Մենք պարզապես դրա կարիքը չունենք: Ու բացի այդ, եթե անգամ նկատել եք որեւէ մեկին, կարիք չկա մեղքն անմիջապես խմբակցության վրա բարդել: Միգուցե` երկու-երեք պատգամավոր ընկերական պայմանավորվածություն ունեն: Իսկ խմբակցության մակարդակով, վերջին նիստի ընթացքում, երեւույթն արգելվել է: Այդպիսի «արջի ծառայություններ» մեզ հարկավոր չեն», - հայտարարել է խմբակցության ղեկավարը:
ՀՀԿ-ին հասցեագրվող հիշյալ մեղադրանքները մասնավորապես մայիսի 22-ի քվեարկությանն են առնչվում, երբ իշխող կուսակցությանը հաջողվեց ձայների նվազագույն տարբերությամբ` 71« կողմ» քվեով հավանություն տալ կառավարության ծրագրին:





























