Մեկ ամսից ավելի ադրբեջանական գերության մեջ գտնվելուց հետո հայրենիք վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանն այս պահին բուժում է ստանում, սակայն առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսենի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը:

«Հիմա բուժում է ստանում, բայց դե դեռ բողոքում է առողջական վիճակից, թույլ է, երբեմն քթից արյունահոսություն է ունենում, գանգատվում է մեջքի, ոտքերի ցավից»,- ասաց նա:

Տիկին Սվետլանայի խոսքով՝ որդին պետք է ժամանակ առ ժամանակ այցելի հիվանդանոց, ստուգումներ անցնի, սակայն միայն մեկ անգամ՝ հունիսի 2-ին է հետազոտվել. «Նշանակված դեղերի մի մասը հիվանդանոցը տվեց, մնացածն էլ ես իմ միջոցներով եմ առել: Տավուշի մարզպետն էլ փողով օգնել, էդ էլ տվեցի դեղերին, բայց դե բուժումից դեռ էական փոփոխություն չկա»:

Թե իրականում ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում եւ ինչպես է հակառակորդ կողը վարվել հայ ռազմագերու հետ, Արսենի մայրը ոչինչ չգիտի, քանի որ որդին այդ մասին չի պատմում:

«Մի բան ակնհայտ է՝ Արսենը մտախոհ է դարձել շատ, չի խոսում, չի շփվում, անընդհատ հարցնում եմ, թե Ադրբեջանում իր հետ ինչ են արել, ասում է՝ չեմ տեսել, չեմ հիշում»,- ավելացրեց տիկին Սվետլանան:

Արսենն այժմ բնակվում է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում, օգնում ֆերմեր Գառնիկ Թադեւոսյանին, որի մոտ ժամանակին աշխատել է իր հայրը:

Նշենք, որ Արսենի հարազատներն ավելի վաղ հայտարարել էին, որ նրան նավթ են ներարկել, սակայն հունիսի 2-ի հետազոտություններից հետո բժիշկները բացառել էին ներարկումը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am