«Բարգավաճ Հայաստանը» կանի ամեն ինչ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում թույլ չտալու համար: Այս մասին հունիսի 13-ի ճեպազրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ թանկացումը չափազանց ուժգին հարված կլինի քաղաքացիների համար, քանի որ շղթայաբար կթանկանան այլ ապրանքներ եւս:
«Ինչպես փողոցներում տեսախցիկների տեղադրումը, այնպես էլ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում շատ զգայուն հարց է հազարավոր մարդկանց համար: Կարելի է աղքատության նկատելի աճ ակնկալել, եթե իսկապես նման որոշում ընդունվի», - հայտարարել է Մելքումյանը:
Դրա հետ մեկտեղ, ամենաարագն աճում են քաղաքացիներից գանձված եկամտահարկից ստացված մուտքերը: Հետեւաբար, կրկին վտանգված է մարդկանց բարօրությունը:
Հիշեցնենք, Հայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 3,85 դրամով կամ 10%-ով՝ կազմելով 41,85 դրամ (10,1 ցենտ-խմբ.):





























