Հույսս  Հայաստանի իշխանությունների առողջ դատողությունն է, հունիսի  13-ին  ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով ոչ իշխանական խորհրդարանական ուժերի քառյակի առաջադրած 12 պահանջները:

Նա նշել է, որ իշխանությունները անընդհատ գովում են ընդդիմությանը  կառուցողական պահանջների համար, սակայն կասկածում է, որ այդ պահանջները թեկուզ մասամբ կկատարվեն:

Ըստ նրա՝ դեռ վաղ է վերջնական գնահատական տալը: «Սպասենք եւ կտեսնենք, թե ինչպես իրեն կպահի իշխանությունը: Մենք մեր պահանջները քննարկելու ժամանակ ենք տվել մինչեւ սեպտեմբեր: Եվ մենք մեր պահանջները բավական իրատեսական ենք համարում, որպեսզի իշխանությունը կարողանա դրանք ամբողջությամբ կատարել սահմանված ժամկետում», - հայտարարել է Հակոբյանը:

Հիշեցնենք, քառյակն օրերս 12 պահանջներից բաղկացած ցուցակ է ներկայացրել կառավարությանը, որոնք  վերաբերում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Նաիրիտի» վերագործարկմանը, երթեւեկության կանոնների խախտումների համար գործող տուգանքների վերանայմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցմանը, ինչպես նաեւ ցանկացած ինտեգրումից հեռու մնալուն, որը կվնասի Հայաստանի եւ ԼՂ-ի միասնական տնտեսական տարածքին: