Պաշտոնական վիճակագրության համաձայն, մայիս ամսվա ընթացքում հագուստի եւ կոշիկի միջին մանրածախ գները տարեկան կտրվածքով 5,8 տոկոսի չափով աճ են գրանցել: Առանձին ապրանքատեսակների մասով հիշյալ ցուցանիշն ավելի բարձր է: Այսպես` տղամարդկանց կոստյումների միջին մանրածախ գինն աճել է 7,7 տոկոսով, կանանց կոստյումներինը` 15,9 տոկոսով, իսկ կանացի զգեստներինը` 7,4 տոկոսով:

Հայտնի է, որ շուկայի թեթեւ արդյունաբերության արտադրանքի հատվածը հիմնականում ներմուծումների հաշվին է բավարարվում: Հագուստ եւ կոշիկ բոլոր երկրներից են ներկրում, առանձնապես խոշոր չափաքանակով` Չինաստանից եւ հարեւան Թուրքիայից:

2014թ. առաջին եռամսյակի ընթացքում Չինաստանից 7 հազար միավոր տղամարդու վերարկու, բաճկոն եւ ապրանքային խմբի այլ տեսակներ են ներկրվել (ընդհանուր ներմուծման ծավալների 28 տոկոսը), 11,4 հազար միավոր կանացի վերարկու եւ բաճկոն (շուրջ 60 տոկոս) եւ 33,3 հազար միավոր տղամարդու կոստյում, պիջակ եւ տաբատ (ավելի քան 28 տոկոս):  Թուրքիայից ներկրումների մասով համապատասխան ցուցանիշները հետեւյալն են` 454 (3 տոկոսից մի փոքր բարձր), 997 (շուրջ 5 տոկոս) եւ  31,9 հազար (ավելի քան 27 տոկոս):

Համառ խոսակցություններ են շրջանառվում, որ թանկարժեք ապրանքների դեպքում ներկրման համար անհրաժեշտ փաստաթղթերում այլ` առավել ցածրարժեք ապրանքների անվանումներ են նշվում: Ուստի հիշյալ ցուցանիշները, գործոնի ազդեցությամբ, վերանայման կարիք ունեն:

Նկատենք, որ թեթեւ արդյունաբերության արտադրանքի մի շարք տեսակների մասով ներմուծման ծավալները գերազանցող արտահանում ունենք:  Օրինակ` 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում 89,6 հազար միավոր տղամարդու վերարկու եւ բաճկոն է արտահանվել` ներմուծված 14,3 հազար միավորի դիմաց: Կանացի վերարկուների եւ բաճկոնների մասով հիշյալ ցուցանիշները հետեւյալն են` 42,0 հազար եւ 19,2 հազար, կանացի զգեստների մասով` 130,9 հազար եւ 117,8 հազար: Բայց, ցավոք սրտի, արտահանվող ապրանքների մեծ մասը թոլինգի են պատկանում (արտասահմանյան պատվիրատուի հումքով պատրաստված ապրանքներ): Այնպես որ, հիշյալ ցուցանիշներն ընդամենը ձեւականորեն են արտահանման ծավալների շարքին դասվում: 

Միեւնույն ժամանակ, ներմուծման եւ արտահանման ծավալների համադրումը թույլ է տալիս այն եզրահանգումը անել, որ հայրենական թեթեւ արդյունաբերության արտադրական հզորության հաշվին կարելի է տեղական շուկայի բոլոր պահանջները բավարարել: Խնդիրը միայն արտադրանքի բազմազանության եւ ֆինանսավորման մեջ է:

Ոլորտի մասնագետներից մեկի համոզմամբ, ներկայումս թեթեւ արդյունաբերության (պետք է ասել` նաեւ բոլոր ոլորտների) արտադրանքի իրացման տեմպերի դանդաղում է նկատվում: Պատճառը հանրապետության բնակչության ընդհանուր վճարունակության անկումն է:

Փորձագետի խոսքով, վերջին տարիներին բնակչության արտագաղթի «որակական տեղաշարժ» է գրացվում: Եթե նախկինում մեծ ի մասամբ անապահով ընտանիքներն էին արտագաղթում, ապա ներկայումս նրանց օրինակին են հետեւում նաեւ միանգամայն բարվոք եկամուտ ունեցող քաղաքացիները: Այդ գործոնն իր որոշակի ազդեցությունն է ունեցել սպառողական պահանջարկի ինչպես ծավալի, այնպես էլ` կառույցի վրա: