NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է տեսաբան Պավել Ֆելգենհաուերի հոդվածը, որը տպագրվել է «Eurasia Daily Monitor»-ում:

Ռուսաստանը, երեւում է, ուկրաինական ճգնաժամի հարցում հայտնվել է ճամփաբաժանին եւ չգիտի ինչպես վարվել՝ Կիեւի հետ բանակցությունների ճանապարհով փոխզիջո՞ւմ փնտրել, թե՞ ուժեղացնել Ուկրաինայի հարավ-արեւելքում անջատականներին ցուցաբերվող աջակցությունը: Նախորդ շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ֆինլանդիա այցի ընթացքում քննարկվել էր այն հնարավորությունը, որ Ուկրաինան կարող է հետեւել սառը պատերազմի տարիներին Ֆինլանդիայի օրինակին եւ դիմեր «ֆինլանդականացման», այսինքն՝ կառուցեր չեզոք ժողովրդավար պետություն՝ շուկայական տնտեսությամբ, բայց՝ Մոսկվայի քաղաքական կրնկի տակ: Նախորդ տարվանից Մոսկվան ճնշում է գործադրում Բրյուսելի վրա՝ Ուկրաինայի ապագա կարգավիճակը որոշելու համար եռակողմ բանակցություններ անցկացնելու հարցով: Գաղափարը կտրականապես մերժվել էր ԵՄ-ի եւ ուկրաինացի ղեկավարների կողմից, ովքեր իշխանության էին եկել  Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո:

Նախորդ տարվա մարտին Ղրիմի բռնակցումից եւ նախորդ ամիս Դոնեցկի ու Լուգանսկի դե ֆակտո առանձնացումից հետո Կրեմլը ցանկանում է իր որոշիչ խոսքն ասել մնացյալ  Ուկրաինայի ապագայի վերաբերյալ: Այսօր Մոսկվան նույնկերպ է վարվում, ինչպես հետխորհրդային այլ հակամարտությունների դեպքում: Լավրովն ավելի վաղ խոստովանել էր, որ Ռուսաստանը «հումանիտար օգնություն» է ուղարկում զինված անջատականներին՝ հենց ռուս-ուկրաինական սահմանով:

Ռուսաստանի ուղղակի ռազմական միջամտությունից եւ հետագայում Ղրիմը բռնակցելուց անցումը մինչեւ Մոսկվայի կողմից Դոնեցկում եւ Լուգանսկում զինված խռովությունների  գաղտնի աջակցությունը Գլեբ Պավլովսկին եւ  նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը մեկնաբանել են որպես Պուտինի կողմից իրադրության  իսկական լարվածության թոթափում, որին խանգարեցին արեւմտյան սպառնալիքները եւ պատժամիջոցները: Ըստ նրանց՝ ՌԴ նախագահը   ներկայումս փորձում է  պահպանել դեմքը զանզան քարոզչական միջոցներով: Սակայն երկուսն էլ պնդում են, որ Պուտինն, ըստ էության հրաժարվել է Ուկրաինայի ռուսալեզու շրջաններում «Նովոռոսիա» ստեղծելու  հզոր գաղափարից: Դա այդպես չէ. հունիսի 12-ին մի քանի տանկ եւ այլ զրահապատ տեխնիկա է հայտնվել Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սնեժնոյե քաղաքում: Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի՝  այդ տանկերը անցել են Ռուսաստանի սահմանը՝ խռովարարներին աջակցելու համար:

Այս շաբաթ Մոսկվայում Պուտինի տնտեսական հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւը, ով զբաղվում է  Ուկրաինայի հարցերով, լրագրողներին հայտարարել է. «Ժամանակն աշխատում է հօգուտ նացիստների»: Ըստ Գլազեւի՝ Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող, սպառազինվող եւ ուղղորդվող «Կիեւի նացիստները» ռազմական ահռելի մեքենա են ստեղծում:  «Փետրվարին նրանք 20 հազար զինված մարդիկ ունեին, սեպտեմբերին կարող են դառնալ 200 հազար»: Նա հայտարարել է, որ զինված գործողություններ պետք է ձեռնարկվեն, քանի դեռ ռուսամետ անջատականները չեն պարտվել եւ Մոսկվան չի բախվել թշնամական բանակին, որը պատրաստ է ներխուժել եւ «ազատագրել» Ղրիմը: Գլազեւը կողմ է Ուկրաինայի հետ ոչ թռիչքային գոտի հաստատելուն, իսկ Ռուսաստանի ՌՕՈՒ-ն կկարողանա հաղթել Ուկրաինայի զրահատանկային ուժերին,  «ինչպես ամերիկացիները դա արեցին Լիբիայում»: Գլազեւը, հնարավոր է, իր անձնական կարծիքն է հայտնել, սակայն անկասկած, իր պնդումները Կրեմլի այժմյան ինսայդերների բռնած ուղղության մասն են.  մասնավորապես, նրան հրապարակայնորեն նկատողություն չեն արել իր արտահայտությունների համար եւ չեն հեռացրել խորհրդականի պաշտոնից: Կրեմլը պատրաստ չէ թույլ տալ անջատականների զինված ապստամբության տապալումը Դոնեցկում եւ Լուգանսկում՝ անկախ այն բանից, թե ինչ գնով կանի դա:  Եթե ուժգնացող գաղտնի աջակցությունը ճնշում չգործադրի Կիեւի վրա, ապա հնարավոր են ավելի ծայրահեղ քայլեր: