Երեւանի բնակիչ, 24-ամյա Դավիթ Հ.-ն մեղադրվում է ոմն Ռոբերտ Քոչարյանին պատկանող կիսակառույց շինությունից գողություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 24-ի գիշերը: Դավիթը բաց դռնից ապօրինի մուտք է գործել Ռոբերտ Քոչարյանին պատկանող կիսակառույց շինություն եւ այնտեղից գաղտնի հափշտակել 1 հատ փայտե սանդուղք, 2 հատ փայտե հարթակ, 1 հատ փայտե դուռ եւ 2 փայտե բացովի փոքր սանդուղք` Ռոբերտ Քոչարյանին պատճառելով զգալի չափերի `31.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի դրանից Դավիթն այս տարվա ապրիլի 14-ի երեկոյան նորից մտել է Քոչարյանին պատկանող կիսակառույց շինություն եւ հափշտակել 6 հատ էլեկտրական լամպ, 10 հատ մետաղյա խողովակ, էլեկտրական մալուխ, 1 հատ տախտակ վերջինիս պատճառելով զգալի չափերի`24.800 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դավիթ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստի օրը դեռ նշանակված չէ:





























