Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակիչներ Անահիտ Գ.-ն եւ Ռոզա Հ.-ն մեղադրվում են միմյանց ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Անահիտն ու Ռոզան գումարային պարտքը վերադարձնելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ: Վիճաբանության ընթացքում ձեռքերով եւ վառելափայտով կանայք մի քանի անգամ հարվածել են միմյանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Անահիտ Գ.-ին եւ Ռոզա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Երկուսի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա հունիսի 18-ին: