ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը Հայաստանի դեմ օգտագործման համար չէ նախատեսված, գրում է «Ասպարեզ» օրաթերթը: Ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հարցերով զբաղվող հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) անդամների առաջ, Ռուբինը մեկնաբանել է, որ Բաքվին վաճառվող զենքը միայն ահաբեկչության դեմ պայքարի համար է նախատեսված եւ որ Միացյալ Նահանգները շարունակում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ փնտրել:
«Մենք զգուշությամբ ենք գործում անվտանգության ապահովման նպատակով Ադրբեջանին տրամադրվող օգնության շրջանակում` համոզվելու համար, որ հատկացված զենքը օրենքի լիարժեքի համապատասխանությամբ` ահաբեկիչների դեմ պայքար մղելու, Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների զինված ուժերի օպերատիվ պատրաստվածությանն աջակցելու եւ Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովելու համար է կիրառվում եւ որ այդ օգնությունը չի խոչընդոտում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների անցկացմանն ուղղված ընթացիկ ջանքերին կամ Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով չի կիրառվում», - տեղեկացրել է Էրիկ Ռուբինը Հելսինկյան հանձնաժողովի անդամներին:
Դիվանագետը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները մտահոգ են Ադրբեջանում հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի` վերջերս տեղի ունեցած ձերբակալության, այնուհետեւ` իրավապաշտպան Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու` Արիֆ Յունուսի նկատմամբ նախաձեռնված հետաքննության, իշխանությունների կողմից նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, մասնավորապես` անձնագրերի առգրավման փաստերի առնչությամբ: «Երեքն էլ ոչ պաշտոնական շփումների կողմնակից են, հետեւաբար Ադրբեջանի կառավարության գործողությունները ադրբեջանցիների եւ հայերի միջեւ ցանկացած մակարդակի շփման ակտիվության վրա հետընթաց ազդեցություն կարող են ունենալ», – հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը:





























