Գյումրիի բնակիչ, 34-ամյա Արմեն Տ.-ն մեղադրվում է ծնողներին ոտքերով եւ ձեռքերով հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 24-ի երեկոյան: Արմենը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել՝ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ: Վեճին միջամտել է մայրը, որին նույնպես Արմենը դիտավորյալ հարվածներ է հասցրել: Բացի դրանից մարտի 31-ին Արմենը դարձյալ վիճաբանել է ծնողների հետ եւ ծեծի ենթարկել նրանց:

Արմեն Տ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: