«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանի մեղադրանքի մեջ հստակ նշված է, որ Ներսես Մելքոնյանն ու Վալերի Հովհաննիսյանը բռնություն են գործադրել նրա նկատմամբ, իսկ հրահրողը Վալերին է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին երկու օրերին Ներսեսի եւ Վալերիի փաստաբանների մամուլի ասուլիսների ժամանակ արած հայտարարություններին:
«Դեպքի առաջին իսկ օրվանից երբ որ լրատվական միջոցները դիմում էին ինձ տարբեր հարցերով, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ոնց է տեղի ունեցել, Գոռն ինչ մեղավորություն ունի, բազմաթիվ անգամներ հարցրել են, թե արդյոք Վալերի Հովհաննիսյանին կամ Ներսես Մելքոնյանին կարող է մեղադրանք առաջադրվի, ինչքանով է դրանց գործողություններում առկա հանցակազմ, ես խուսափում էի այդ հարցերին անդրադառնալ, ես նշում էի նախաքննական գաղտնիքի եւ պաշտոնական մարտավարության մասին՝ թույլ տալով, որ նախաքննությունն օբյեկտիվ ընթանա: Բայց վերջին զարգացումները՝ Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի փաստաբանների կողմից հրավիրված մամուլի ասուլիսները, ստիպում են խոսել: Տպավորություն է, թե իբր Գոռ Առաքելյանն անհասկանալի իրավիճակում սկսել է կրակել: Ստիպված եմ որոշակի փակագծեր բացել եւ ասել, որ այս ամենն իրականությանը չի համապատասխանում, վկաների ցուցմունքներն այլ իրադրության մասին են խոսում»,- ասաց նա:
Երեմ Սարգսյանը ցանկանում է, որ Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը բացատրի, թե ինչպես են իր պաշտպանյալի վրա կրակել իր իսկ մեքենայի մեջ երբ Գոռը բազմիցս խնդրել է կնոջն ու երեխային տուն բարձրացնել, այնուհետեւ խոսել. «Սակայն նրան թույլ չեն տվել, նույնիսկ հարվածելուց հետո Գոռը փորձել է խուսափել այս ամեն ինչից: Երբ Գոռը նստել է մեքենան, նրան նորից ստիպողաբար իջեցրել են, հարվածներ են հասցրել: Եվ այժմ հայտարարություն անողները թող պարզեն իրենց համար, թե Վալերի Հովհաննիսյանը ոնց է գնացել ու նստել մեքենան: Երբ որ այս ամեն ինչի պատասխանը կունենան, արդեն կխոսենք: Գոռ Առաքելյանի մեղադրանքի մեջ կա, թե ինչ գործողություններ է կատարել անձամբ Վալերի Հովհաննիսյանը եւ բռնության դրվագն էլ կա նկարագրված: Վկաների ցուցմունքներն էլ ապացուցում են, որ փաստաբանների նկարագրած իրադրությունը չի եղել»:
Այսքանից հետո Գոռ Առաքելյանի փաստաբանը կարծում է, որ ինքն էլ կարող է բարձրացնել այն հարցը, թե ինչու Վալերի Հովհաննիսյանը ձերբակալված չէ:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի իննին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ երկարատեւ բուժման կարիք ունի։





























