Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հունիսի 13-ին, մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում մարզպետների ուշադրությունը հրավիրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով սահմանված պահանջների կատարման խնդրին՝ ընդգծելով, որ կառավարությունը կարեւորում է օրենքով նախատեսված մոտեցումների պահպանումը՝ առանց որեւէ վերապահման կամ բացառությունների: Նա առաջարկել է կառավարության դիրքորոշումը փոխանցել նաեւ մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են մարզպետարանների ենթակայության առողջապահական հաստատություններում, ինչպես նաեւ մարզային սոցիալական ծառայություններում Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքների եւ արձանագրված խախտումների հետ կապված հարցեր: Փոխվարչապետն անթույլատրելի է համարել նշված հաստատություններում խախտումների դեպքերը եւ մարզպետներին առաջարկել է սեղմ ժամկետներում քննության առնել արձանագրված փաստերը, պարզել պատճառները, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Խորհրդակցությանը ներկայացվել են հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2014թ. առաջին հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները, ինչպես նաեւ համայնքների աշխատավարձի գծով պարտքերի վերաբերյալ տվյալներ: Նշվել է, որ 2014թ. ընթացքում պարտքեր են կուտակվել մի շարք մարզերում, ընդհանուր՝ 17,3 մլն դրամի չափով: Փոխվարչապետն անթույլատրելի է համարել ընթացիկ պարտքերի կուտակումը՝ նկատելով, որ հուլիսի 1-ից նախատեսվում է նաեւ նվազագույն աշխատավարձի բարձրացում, եւ համայնքներում պետք է առավելագույն ուշադրություն դարձվի բյուջետային կարգապահությանը՝ նախատեսված ծրագրերը եւ ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ եւ ողջ ծավալով իրականացնելու համար: Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է խնդիրը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Ներկայացվել են նաեւ Արագածոտնում, Գեղարքունիքում եւ Շիրակում հատկապես հողի հարկի հավաքագրման գործընթացում հարկատուների ներգրավվածության վերաբերյալ վերլուծության արդյունքները: Փոխվարչապետը համապատասխան մարզպետների ուշադրությունը հրավիրել է տվյալներին՝ ընդգծելով բոլոր հարկատուների նկատմամբ հավասար մոտեցում կիրառելու անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ այս ոլորտում վարչարարության բարելավման առումով անելիքներ կան, եւ խնդիրը գտնվելու է Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում:
Անդրադարձ է եղել նաեւ գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունները բաժնետիրական ընկերություններից ՊՈԱԿ-ների կամ ՀՈԱԿ-ների վերակազմակերպման գործընթացին, ինչպես նաեւ մարզային ենթակայության կրթական եւ առողջապահական հաստատությունների կառավարման արդյունավետության հետ կապված հարցերի:
Ա. Գեւորգյանը մարզպետներին հորդորել է նաեւ աջակցել աշնանն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին եւ կարեւորել այսօր կայացած՝ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ նախանշված ժամկետներում իրականացումը:
Անդրադարձ է եղել նաեւ Գյուղական համայնքների 4-րդ համաժողովի կազմակերպչական հարցերին: Համաժողովն ավանդաբար կազմակերպվում է աշնանը՝ տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների հրատապ խնդիրների քննարկման նպատակով:





























