«Եթե ոստիկանությունն ամեն մի դեպքի առիթով շարունակի մարդկանց ձերբակալել, երկրում անշուշտ կլինեն եւ արդեն իսկ կան քաղբանտարկյալներ»,- հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ «Ոստիկանության ներկայացրած նյութերից  ես հասկացա, որ իրենց սադրում են, նրանք էլ ստիպված ձերբակալում են։ Վերջիվերջո, եկեք հասկանանք՝ ի՞նչ են ուզում նրանք (ցուցարարները-խմբ.) եւ ի՞նչ է ուզում ոստիկանությունը։ Եթե ուզում են հրապարակում նստել, թույլ չեք տալիս, ապա բացատրեք, թե ինչու։ Եթե թույլ եք տալիս, ապա թույլ տվեք, թող շարունակեն նստել։ Իսկ էս ամբողջը սրելը ես համարում եմ հիմարություն»,-հայտարարեց Արամ Սարգսյանը։

NEWS.am-ի դիտարկմանը, թե խաղաղ հավաքներ իրականացվելու իրավունքն ամրագրված է Հայաստանի սահմանադրությամբ, եւ մի՞թե սադրանք է սահմանադրական իրավունքի իրացումը, դեմկուսի ղեկավարն արձագանքեց. «Մենք էլ ենք այդ ամենի միջով անցել, գիտեմ...Եթե դուք չեք թողնում, որ ես խաղաղ ցույց անեմ, դուք եք ինձ սադրողը։ Բայց եթե ես եկել եմ հրապարակ եւ այնտեղ արդեն ուրիշ բան եմ սադրում, դա ուրիշ հարց է։ Այնպես որ, իշխանությունն առաջինը պետք է ճիշտ քաղաքական քայլեր անի, որպեսզի այս վիճակը չստեղծվի»:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ից 31-ը, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն ու նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին Ազատության հրապարակում բողոքի խաղաղ ակցիա էին անցկացնում՝ մասնավորապես պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերաբացել «Ա1+»-ը, դադարեցնել ոստիկանությունում եւ ազատազրկման վայրերում  մարդկանց նկատմամբ խոշտանգումները։ Ազատության հրապարակը հսկող ոստիկանական ուժերը, սակայն, թույլ չէին տալիս ՀԱԿ ակտիվիստներին անցկացնել իրենց միջոցառումը՝ նրանց բերման ենթարկելով ոստիկանություն։

Բերման ենթարկվածներից երեքը ձերբակալված են։ Նրանք են՝ ՀԱԿ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գեւորգյանը, «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանը։