Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ հունիսի 13-ին, դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին մասնակցող անծանոթուհին, որը նիստի սկզբում հայտարարել էր, թե ինքը Վարդան Պետրոսյանի պաշտանն է եւ ուզում է նստել նրա կողքին, պարզվում է՝ դերասանի մոլի երկրպագուն է։

Հրաչուհի Տեր-Պողոսյանի կարծիքով՝ այս դատական գործն ընթանում է կեղծիքներով. Վարդան Պետրոսյանը ձերբակալված է, քանի որ խանգարում է որոշ պաշտոնյաների:

«Դա կարող էր լինել դիպված եւ պատահար, բայց այդ մարդը բազում անգամ ասել է՝ ես զղջում եմ: Հիմա կարող է՝ ես այստեղից դուրս գամ եւ մահանամ, բնականաբար, այդպես կարող է բոլորի հետ պատահել: Ես բազում անգամներ դատի ժամանակ նկատեցի կեղծիքներ: Ուղղակի Վարդան Պետրոսյանը շատ կծան էր որոշների համար, երեւի խանգարում էր որոշ պաշտոնյաների: Նա իր ներկայացումներում տիպիկ ներկայացնում է քաղաքական կեղծիքը, անօրինությունը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Հրաչուհի Տեր- Պողոսյանը։

Հարցին, թե ինքն անձամբ ճանաչո՞ւմ է Վարդան Պետրոսյանին, նա պատասխանեց. «Բոլորն են ծանոթ նրան հանրապետությունում եւ հանրապետությունից դուրս»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-Հրաչուհի Տեր-Պողոսյանն այսօր դատական նիստի ժամանակ դատավորին ասել էր, որ Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպանն է եւ ցանկանում է գնալ, նստել նրա կողքին: Նրա ներկայությունը բարկացրել էր տուժող Արթուր Հակոբյանին, դատավորն էլ նրան սաստել էր՝ կարգադրելով տեղի չխոսել։