Վանաձորի «Մոնամարի» խմորեղենի արտադրամասի էկլերներից թունավորված բոլոր քաղաքացիները, լիովին առողջացած եւ կազդուրված, հիվանդանոցից դուրս են գրվել դեռ մեկ շաբաթ առաջ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանը՝ ներկայացնելով ապրիլ ամսին էկլերից թունավորված եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 26 մարդկանց վիճակը։
Վիրաբյանի խոսքով, «Մոնամարի» խմորեղենի արտադրամասի կողմից պատրաստված էկլերներում իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել է սալմոնելա տիպի բացիլ, որը, սակայն, դեռեւս չի պարզվել, թե ինչ ճանապարհով է հայտնվել խմորեղենի մեջ։ «Չնայած որ փորձանմուշներ ենք վերցրել թե՛ խմորեղենի մեջ օգտագործված ձվից, թե՛ մարգարինից, սակայն դեռեւս չենք կարողացել ճշտել, թե ի՞նչ կերպ է բացիլը ներթափանցել էկլերի մեջ՝ արտադրամասի՞ց, թե՞ այն խանութներից, որոնցում վաճառվել է խմորեղենը։ Մի բան միայն հստակ է. ձվի ու մարգարինի մեջ բացիլներ չեն հայտնաբերվել»,- տեղեկացրեց սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետը՝ ավելացնելով, որ հարցի պատասխանը կտան իրենց կողմից իրականացվող հետագա ուսումնասիրությունները։
Համլետ Վիրաբյանի ներկայացմամբ, «Մոնամարի» խմորեղենի արտադրամասն արդեն իսկ փակվել է, պայմանով, որ այն կբացվի միայն սանիտարական համապատասխան նորմերի կիրառմանն անցնելուց հետո։ «Մինչ այժմ արտադրամասը սերտիֆիկատ չի ունեցել, աշխատակիցները բուժզննում չեն անցել, սակայն ներկայումս այդ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- նշեց Վիրաբյանը՝ ընդգծելով, որ դա արտադրամասի սեփականատիրոջը չի փրկի օրենքով սահմանված կարգով վարչական տույժից, որը կարող է տատանվել 100-300 հազար դրամի սահմաններում։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Վանաձորի տարբեր թաղամասերից ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել 26 քաղաքացիներ, որոնք բոլորն էլ թունավորվել էին «Մոնամարի» խմորեղենի արտադրամասի կողմից պատրաստված էկլերներից։



























