Չեմ կարծում, որ Կիսելյովն այն պերսոնան է, որ մենք ազգովի գիշեր-ցերեկ քննարկենք նրա պահվածքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսլյովի աղմկահարույց հայտարարությանը:
Դիտարկմանը, թե այդ հանդիպմանը ներկա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները համարժեք պատասխան չեն տվել, Շարմազանովն արձագանքել է, որ իրենց գործընկերները դահլիճում անդրադարձել են դրան, իսկ ՀՀԿ-ում այդ հարցը չի քննարկվել: «Սա շատ փոքր հարց է, որ հանրապետության նախագահը դրան արձագանքի»,-ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Կիսիլյովի հայտարարության պահին ոմանք «նստած էին խաշած ժպիտներով», Շարմազանովն արձագանքել է. «Ես չեմ պատրաստվում սուպեր հայրենասիրական ելույթներ ունենալ, իսկ բոլոր նրանք, ովքեր այդպես ուլտրահայրենասիրական կոչեր են անում, ավելի լավ կլիներ՝ երբ Ալիեւն իրենց ներկայությամբ դահլիճում մի ամբողջ հայ ազգի ֆաշիստ էր անվանում, թող պատասխանեին, կամ գոնե՝ ծպտուն հանեին»,: Նա նաեւ բոլորին կոռետության կոչ է արել:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Կիսիլեւը հանդիմանական տոնով հայտարարել է, որ Հայաստանում ռուսերենը մոռանում են, որ Հայաստանում միայն երկու դպրոց կա ռուսական եւ հարց է ուղղել, թե ինչ են անում ՀՀ իշխանությունները այդ նահանջը կանխելու համար: Նա առաջարկել է ավելացնել ռուսական դպրոցների թիվը եւ հատուկ կարգավիճակ տալ ռուսերենին:
Կիսիլեւը վրդովվել է, որ Երեւանում տաքսու վարորդը ռուսերեն չի կարողացել հաշիվն ասել: Ի պատասխան հայ պատգամավորները սկսել են արդարանալ, թե Հայաստանում ռուսերենը չեն մոռանում:
Ավելի ուշ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջաևկել է ԱԳՆ-ին անցանկալի անձ հայտարարել Կիսիլեւին:





























