Եթե Հայաստանի գործող իշխանությունները փոփոխություններ չանեն իշխանության ներսում՝ չհրաժարվեն նեոլիբերալիզմից, չվերացնեն օլիգոպոլիաներն ու տնտեսությունը չմաքրեն ծանր քարերից, որոնք երկիրը  տանում են դեպի խորտակում, ապա նրանք կգնան քաղաքական ինքնասպանության։ Հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման  ժամանակ նման կանխատեսում է  արել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Նա միաժամանակ հավելել է, որ Հայաստանի վարչապետի մոտ տեսնում է իր նշած քայլերը կատարելու ցանկություն, սակայն առայժմ այդ ցանկությունը միայն ելույթների տեսքով է։

Արամ Սարգսյանի խոսքով, դա նշանակում է, որ կա՛մ վարչապետն անզոր է օլիգարխների դեմ, կա՛մ էլ  քաղաքական կամք չունի օլիգոպոլիաների դեմ պայքարելու համար։ Արամ Սարգսյանը հավելել է նաեւ, որ եթե իր մատնանշած քայլերը չարվեն, ապա զարգացող աշխարհում Հայաստանը այնքան է ետ ընկելու, որ տարածաշրջանում դառնալու է ետնապահ։ «Եւ այդ պարագայում ոչ մի այս տիպի իշխանություն չի կարող գոյություն ունենալ։ Այս առումով 2012 թիվը դառնում է մի սահմանագիծ, որը կա՛մ մեզ տանելու է դեպի զարգացում, կա՛մ մնալու ենք ետնամասում եւ չգիտեմ, թե երբ դուրս կգանք այնտեղից»,-ընդգծեց Արամ Սարգսյանը։ Նա նաեւ այսպիսի հռետորական հարցադրում արեց. «Մի՞թե իշխանությունը չգիտի, որ 70 տոկոս ստվերում գտնվող տնտեսությունը չի կարող զարգանալ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում զուգահեռաբար ընթանում է երկու գործընթաց՝ մեկն իրականացնում են օլիգոպոլիայի դաշտում գործողները, մյուսը՝ կառավարությունը»։ 

Սակայն արդյունքում օլիգոպոլիաները շարունակում են իրենց սկզբունքներով՝ օրենքից դուրս աշխատել  եւ տարին մեկ անգամ մեկուկես միլիոն դրամի չափով տուգանք են մուծում պետությանը։  «Ուրեմն,  դուք թույլ եք տալիս, որպեսզի նա ամբողջ մի տարի ժողովրդի գրպանից գողություն անի, եւ տարվա մեջ մեկ անգամ պահանջում եք, որ մեկուկես միլիոն դրամ բյուջե մուծի։ Սա ծաղրանք է առաջին հերթին իշխանության նկատմամբ»,- նկատեց դեմկուսի ղեկավարը՝ մի առաջարկ անելով նախագահ Սերժ Սարգսյանին.

«Եթե հանրապետության նախագահն ուզում է, որ արտաքին քաղաքականութան ոլորտում իր առջեւ դրված նպատակներին հասնի, ապա առաջին հերթին եւ անհապաղ պետք է երկրում իրականացնի այն փոփոխությունները, որոնք առաջարկում է ՀԴԿ-ն՝ 2008 թվականից սկսած։ Առանց դրա՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ոլորտում որեւէ հաջողության չի հասնելու, քանի որ եթե երկրի ներսում իշխանությունը չունի ժողովրդի քվեն, արտաքին ոլորտում ոչ մի քայլ կատարել չի կարող»։